/ Խրատանի Սրբոց / Քրիստոս ծնվում է

Քրիստոս ծնվում է

Քրիստոս ծնվում է

Սբ. Պաիսիոս Աթոսացի

 -Գե՛րոնդա, Սբ. Ծննդյան հսկումից հետո չե՞նք քնում:

 -Սբ. Ծնունդ և քնե՞նք: Մայրս ասում էր. «Այսօր միայն հրեաներն են քնում»: Տեսնու՞մ ես, այն գիշերը, երբ Քրիստոս ծնվեց, իշխանները խորը քնած էին, իսկ հովիվները «հսկում էին»[1]. սրինգ նվագելով իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում: Հասկացա՞ր. հովիվները, որ հսկում էին, Քրիստոսին տեսան:

 -Գե՛րոնդա, ինչպիսի՞ն էր քարանձավը:

-Ժայռի մեջ մի քարանձավ էր, որ մի մսուր ուներ, ուրիշ ոչինչ չկար: Այնտեղ աղքատներն էին գնում ու իրենց կենդանիները թողնում: Աստվածամայրը Հովսեփի հետ այդ քարանձավում հանգրվանեցին, քանի որ բոլոր իջևանատները լիքն էին և մնալու տեղ չկար[2]: Այնտեղ` քարանձավում,  իշուկն ու հորթուկն էին, որ իրենց շնչով տաքացնու՜մ էին Քրիստոսին: Եսայի մարգարեն այդպես չի՞ ասում. «Եզն իր Տիրոջն է ճանաչում, և էշն` իր Տիրոջ մսուրը»[3]:

 -Գե՛րոնդա, մի շարականի մեջ ասվում է, որ Ամենասրբուհի Աստվածածինը, տեսնելով նորածին Քրիստոսին, «ուրախանալով, բայց  և արտասվելով» ինքն իրեն հարցնում էր. «Քեզ` տիեզերքը կերակրողիդ, կու՞րծք տամ, թե՞ օրհներգեմ որպես Որդի և Աստված իմ: Արդ, ի՞նչ անունով քեզ դիմեմ»[4]:

 -Դրանք Աստծո խորհուրդնե՜րն են, նրա մեծագու՜յն խոնարհումը, որ մենք չենք կարող ըմբռնել:

 -Գե՛րոնդա, ինչպե՞ս կարող ենք ապրել Սբ. Ծննդյան իրողությունը, այսինքն՝ այն, որ Քրիստոս «Այսօր Կույսից ծնվում է»[5]:

-Որպեսզի այդ աստվածային իրողությունները հասկանանք, մեր միտքը պետք է աստվածային իմաստների մեջ լինի: Այդժամ մարդը փոխակերպվում է: Երգում ենք. «Մեծ և զարմանալի հրաշք կատարվեց այսօր»[6]: Եթե մեր միտքն այնտեղ` «զարմանալիի» վրա լինի, այդ ժամանակ Քրիստոսի Ծննդյան մեծ խորհուրդը կապրենք:

Աղոթելու եմ, որ ձեր սիրտը սբ. Մսուր դառնա և Բեթղեհեմի սրբազնագույն Մանուկը ձեզ տա իր բոլոր օրհնությունները:

 

Հունարենից թարգմանությունը` հայր Հերոմինոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος ΣΤ΄, Περί Προσευχής, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2012.

 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1] Տե՛ս Ղուկ. 2, 8:

[2] Տե՛ս Ղուկ. 2, 7:

[3] Ես. 1, 3:

[4] Հատված դեկտեմբերի 24-ի երեկոյան ժամակարգությունից:

[5] Սբ. Ծննդյան տոնի Իններորդ ժամի շարական:

[6] Սբ. Ծննդյան տոնի շարական: