/ Խրատանի Սրբոց / Ընտանեկան կյանքի լավ սկիզբը

Ընտանեկան կյանքի լավ սկիզբը

Ընտանեկան կյանքի լավ սկիզբը

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

(1924-1994 թթ.)

Ընտանեկան կյանքի լավ սկիզբը

 

-Գե՛րոնդա, մի երիտասարդ, ով որոշել է ամուսնանալ, ինձ հարցնում է, թե ինչպես ճիշտ սկիզբ դնի:

-Նախ` թող հոգ տանի` գտնելու մի լավ աղջկա, որ իրեն հարմար կլինի, քանի որ ամեն մեկին տարբեր կերպ է հարմար և տարբեր մարդու հետ: Թող չփնտրի,  որ աղջիկը հարուստ ու գեղեցիկ լինի, այլ նախևառաջ` պարզ ու խոնարհ, այսինքն` ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի ոչ թե արտաքին, այլ ներքին գեղեցկությանը: Երբ աղջիկը դրական մարդ է և քաջությամբ է օժտված` չունենալով ավելին, քան  կնոջ նկարագիրն է պահանջում, ապա դա շատ է նպաստում, որ տղամարդն անմիջապես փոխհասկացողություն գտնի և գլխացավի մեջ չընկնի: Եթե աղջիկն Աստծո երկյուղն էլ ունենա, խոնարհություն ունենա, ապա այնժամ կարող են ձեռք ձեռքի բռնել և աշխարհի չար հոսանքով անցնել:

Եթե երիտասարդը լրջորեն մտածում է աղջկա հետ ամուսնանալ, ապա կարծում եմ, ավելի լավ է նախ իր ազգականերից որևէ մեկի միջոցով այդ մասին տեղեկացնի աղջկա ծնողներին, այնուհետև ինքն էլ զրուցի նրանց և աղջկա հետ: Հետո, եթե խոսքը կապեն ու նշանդրեք անեն (լավ կլինի, որ նշանադրված լինելը երկար չտևի), ապա մինչև ամուսնությունը երիտասարդը թող ջանա աղջկան որպես իր քրոջը նայել ու հարգել նրան: Եթե երկուսն էլ պայքարեն ու իրենց կուսությունը պատվասիրաբար պահեն, ապա Պսակի Խորհրդի պահին, երբ քահանան նրանց թագադրի, Աստծո Շնորհն առատաբար կընդունեն: Որովհետև, ինչպես սբ. Հովհաննես Ոսկեբերանն է ասում` Պսակի թագերը ցանկության դեմ հաղթանակի խորհրդանիշներն են:

Այնուհետև, որքան կարող են, թող կատարելագործեն սիրո առաքինությունը, որպեսզի երկուսով միշտ միավորված մնան և իրենց հետ մնա նաև Երրորդը` մեր քաղցրագույն Քրիստոսը: Բնականաբար սկզբում, մինչև դասավորվեն և իրար լավ ճանաչեն, կարող է որոշ դժվարություններ ունենան: Ամեն մի սկիզբ իր դժվարություններն ունի: Ահա, երեկ չէ` առաջին օրը մի թռչնակ  տեսա. նոր էր դուրս եկել իր կերակուրը գտնելու և թռչում էր գետնից հազիվ մեկ թիզ բարձր: Խեղճը չգիտեր, թե միջատներին ինչպես հեշտ բռնել, և մի ժամ քաշեց, մինչև որ ուտելու միջատ բռնեց: Նրան նայելիս մտածում էի, որ ամեն մի սկիզբ դժվար է: Ուսանողը, երբ վերցնում է իր դիպլոմն ու սկսում է աշխատել, սկզբում դժվարանում է: Մոնթն էլ վանքում սկզբից դժվարություններ ունի: Երիտասարդը, երբ ամուսնանում է, սկզբում դարձյալ դժվարությունների է հանդիպում:

-Գե՛րոնդա, խնդիր կա՞, եթե աղջիկն ամուսնուց տարիքով ավելի մեծ է:

-Եկեղեցական ոչ մի կանոն չկա, որ ասի` եթե աղջիկը երկու-երեք կամ էլ հինգ տարի երիտասարդից մեծ է, ապա չպետք է ամուսնանան:

Բնավորությունների տարբերության մեջ Աստծո ներդաշնակությունն է թաքնված

Մի օր մեկը խուցս եկավ ու ասաց, որ շատ վշտացած է, քանի որ կնոջ հետ չի համաձայնում: Բայց տեսա, որ նրանց մեջ լուրջ բան չկա. մի ոստղ նա ունի, մեկ ուրիշը` իր կինը, և մեկը մյուսին չի կարողանում մերձենալ. պետք է մի քիչ տաշել: Երկու անտաշ տախտակ վերցրու. մեկն այս հատվածում մի ոստղ ունի, մյուսը` այն, ու երբ ուզում ես տախտակներն իրար միացնել, դրանց մեջտեղում դատարկ է մնում: Սակայն, եթե մեկը մի քիչ այստեղից տաշես, մի քիչ էլ մյուսը` այնտեղից (բայց նույն ռանդայով), ապա անմիջապես կպչում են[1]:

Որոշ տղամարդիկ ինձ ասում են.

-Կնոջս հետ չեմ համաձայնում. հակադիր բնավորություններ ենք, նա մի բնավորություն ունի, ես` ուրիշ: Ինչպե՞ս է Աստված այդպիսի տարօրինակ բաներ անում: Մի՞թե չէր կարող որոշ իրավիճակներ այնպես տնօրինել, որ զույգերը համապատասխանեին, որպեսզի կարողանային հոգևոր կյանքով ապրել:

-Մի՞թե չեք հասկանում, – ասում եմ նրանց, – որ բնավորությունների տարբերության մեջ Աստծո ներդաշնակությունն է թաքնված: Տարբեր բնավորությունները ներդաշնակություն են ստեղծում: Վա՜յ ձեզ, եթե նույն բնավորությունն ունենայիք: Մտածե՛ք, թե ի՛նչ կլիներ, եթե, օրինակ, երկուսդ էլ հեշտությամբ բարկանայիք. տունը կքանդեիք: Կամ` եթե երկուսդ էլ մեղմ նկարագիր ունենայիք, ապա ոտքի վրա կքնեիք: Եթե ժլատ լինեիք, ապա կհամապատասխանեիք, սակայն երկուսդ էլ դժոխք կգնայիք: Կրկին` եթե ձեռնաբաց լինեիք, ապա կկարողանայի՞ք տուն պահել. տունը ցրիվ կտայիք, իսկ ձեր երեխաները փողոցներում կշրջեին: Եթե մի ծուռ մեկ այլ ծռի առնի, համապատասխանում են, այնպես չէ՞: Սակայն մի օր իրար կսպանեն:

Ուստի ի՞նչ է լինում: Աստված տնօրինում է, որ լավ մարդը ծռի հետ ամուսնանա, որպեսզի (ծուռը) օգուտ ստանա, որովհետև հնարավոր է, որ վերջինս լավ տրամադրություն ունի, բայց փոքրուց  նրան չեն աջակցել:

Ամուսինների նկարագրերի փոքր տարբերությունները նպաստում են, որ ներդաշնակ ընտանիք ստեղծվի, որովհետև մեկը մյուսին լրացնում է: Ավտոմեքենայի մեջ գազն անհրաժեշտ բան է` առաջ շարժվելու համար, սակայն արգելակն էլ` կանգ առնելու: Եթե ավտոմեքենան միայն արգելակ ունենար, չէր շարժվի, իսկ եթե միայն արագություններն ունենար, չէր կարող կանգ առնել:

Մի զույգի գիտե՞ք՝ ինչ ասացի.

-Քանի որ իրար համապատասխանում եք, դրա համար էլ իրար չեք համապատասխանում:

Երկուսն էլ նրբազգաց են: Երբ տանը մի բան է պատահում, երկուսն էլ խելքները կորցնում են ու սկսում են` ա՜խ, ի՜նչ պատահեց` մեկը, ա՜խ, ի՜նչ պատահեց`մյուսը: Այսինքն` մեկը մյուսին օգնում է, որ ավելի շատ հուսահատվի: Չեն կարող միմյանց մի փոքր հանգստացնել, ասել` սպասի՛ր, եղածն այդքան էլ լուրջ բան չէ: Դա շատ զույգերի մեջ եմ տեսել:

Երեխաների դաստիարակության պարագային էլ, երբ ամուսինները տարբեր նկարագրեր ունեն, ավելի շատ կարող են օգտակար լինել: Մեկը փոքր ինչ արգելակն է սեղմում, մյուսն ասում է` երեխաներին մի քիչ ազատ թող: Եթե երկուսն էլ երեխաներին ճնշեն, ապա կկորցնեն նրանց: Եթե երկուսն էլ ազատ թողնեն` դարձյալ կկորցնեն նրանց: Մինչդեռ այսպես երեխաներն էլ են հավասարակշռություն գտնում:

Ուզում եմ ասել, որ ամեն բան էլ պետքական է: Բնականաբար, ամուսինները չպետք է սահմաններն անցնեն, այլ ամեն մեկն իր ձևով պետք է օգնի մյուսին: Օրինակ, երբ շատ քաղցր բան ես ուտում, մի քիչ էլ աղի բան ես ուզում ուտել: Ենթադրենք` երբ շատ խաղող ես ուտում, մի քիչ էլ պանիր ես ուզում, որ քաղցրությունը կտրի: Կամ բանջարեղենը, եթե շատ դառն է, ապա չի ուտվում: Սակայն մի քիչ դառնությունը շահեկան է, ինչպես նաև` մի քիչ թթուն: Բայց եթե թթուն ասի` բոլորդ ինձ նման թթու եղեք, դառն ասի` բոլորդ դառը եղեք, իսկ աղին ասի` բոլորդ աղի դարձեք, այդ ժամանակ բան դուրս չի գա:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Δ΄, Οικογενειακή Ζωή, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

[1] Ծերը նկատի ունի, որ այդ աշխատանքը տանում է հոգևոր հայրը, և արդյունավետ է լինում, երբ ամուսինները խոստովանում են միևնույն հոգևոր հորը, որպեսզի «նույն ռանդայով հղկի»:

Ընտանեկան կյանքի լավ սկիզբը

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com